ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Երբևէ կլինե՞նք ասող ուժ ու ոչ լոկ լսող «հարս»

Երբևէ կլինե՞նք ասող ուժ ու ոչ լոկ լսող «հարս»
25.03.2016 | 08:51

Համայն աշխարհում ֆուտբոլային ընթացիկ մարտյան տասնօրյակը հավաքականների «սեփականությունն» է: Ընկերական հանդիպումներ են՝ ընտրանիների խաղային ձեռագրերի հստակեցումներով, մարզիչների կողմից ֆուտբոլիստներին առաջադրելիք ֆիզիկական, տեխնիկատակտիկական պատրաստվածության խնդիրներով, օղակների կապերի ամրապնդումով, նոր ուժերի փորձարկումներով, նրանց գործողությունների ներդաշնակեցումով, առհասարակ նոր գաղափարներով և այլն: Մի խոսքով, առօրեական բաներ՝ ոմանց համար «Եվրոպա-2016» հեռանկարով, ոմանց համար՝ նոր առաջնությունների նախապատրաստվելով:

Հավաքականների այդ շարքում նաև մերն է՝ Հայաստանի ազգային ընտրանին՝ իր նոր գլխավոր մարզչով, նրա հետ կապվող ակնկալիքներով ու նաև հավատով, որ հերթական ձախողված փուլը չի կրկնվի, որ մեր ֆուտբոլը կբարձրանա որակական նոր մակարդակի, որ ազգայինների մեծ ընտանիքում մենք էլ կլինենք ասող ուժ ու ոչ լոկ լսող «հարս»:
Հիմա թե խնդրի իրականացման համար որքա՞ն ամուր է մեր թիկունքը, որքա՞ն է հավաքականի նոր գլխավոր մարզիչն ինքնուրույնաբար գործելու, գործընթացը կազմակերպելու ունակ ու նոր գաղափարների հրամցման առումով մրցունակ, ցույց կտա ժամանակը: Իսկ ժամանակն արդեն իսկ ընթացքի մեջ է, թեպետ, խոսքը մեր մեջ, խոշոր առումով այն երբեք էլ դադար չի ունեցել: Պարզապես մեր ֆուտբոլային կյանքում եղավ վերջին անհեթեթությունների խայտառակ միջակայքը, որտեղ ֆուտբոլային բոսերի կողմից, եթե, իհարկե, այդ մեկի մասին կարող ենք խոսել հոգնակիով, դավաճանության մեջ մեղադրվեց մի ողջ հավաքականություն, եղավ այդ ամբողջի մասի ըմբոստություն, դրան հաջորդեց «դավաճանություն» ավելի քան կոնկրետ բառի սվաղված մեկնաբանություն, թե իբր այն ավելի շուտ ու ավելի շատ պիտի հասկանալ տարընթերցումով, սակայն վերջին զարգացումները հստակ հուշում են, որ կոնկրետ մեղադրանքը տարընթերցմամբ ընկալելու մեկնություններն այդ բոսերի համար ժամանակավոր նահանջ էր (ի դեպ, դավաճանությունը քրեորեն հետապնդվող մեղադրանք)։ Հիմա նրանք նորից ձիու վրա են դատախազական իրենց անառարկելի, բեկման ոչ ենթակա տոնով, փաստերի իրենց նույն օրիգինալ շարադրումով, որտեղ մեղավորը դարձյալ բոլորն են կամ լռեցված բոլորի ինչ-որ մասը, բացի իրենցից: ՈՒ հասկանում ես, որ հանգամանքների նման դասավորության պայմաններում գլխավոր մարզիչը նորից լինելու է կամակատար, հավաքականի անդամների ընտրության հարցում՝ ընդամենը լսող, քայլեր անելիս՝ նորից ականջկախ: Ընդ որում, ականջկախ նրան ու նրանց, ովքեր ֆուտբոլի մասին պատկերացումներ ունեն չափից ավելի սիրողական մակարդակով, բայց մեկ որ դարձել են ձիավոր, գիտեն թե այդ ձին բացառապես կարող է առաջ գնալ գլխին ու կողերին հարված ուտելով: Սրանք իրենց իմացության անհույս մակարդակում խեղճ տեր Թոդիկի մեթոդը հասկացել են բառացիորեն, քարե ուղեղով, մինչդեռ այդ մարդն իր գավառականության մեջ այնքան գավառամիտ չի եղել, որքան խորհրդային «լուսավոր» պրոպագանդան մեզ է հրամցվել (այս դեպքի համար չակերտների կիրարկումը պարտադիր է՝ մասի պատճառով ամբողջն ամբողջովին չսևացնելու համար):
Սխալվո՞ւմ եմ մեր ֆուտբոլային բոսերի մասով:
Ախր չեք էլ պատկերացնում, թե որքան կուզենայի սխալված լինել ու որքան եմ ուզում հավատալ, որ, մասնավորապես, այսօր կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կլինի այն մեծ ճանապարհի սկիզբը, որը մեզ, ի վերջո, կհանի լուսե եզերք, ու մենք չենք շարունակի մնալ խոսքերով կերակրվողի դերում:
ՈՒ մեկ որ խոսեցինք այսօր կայանալիքից, ասենք, որ Վարուժան Սուքիասյանի ու նրա հովանավորների կայուն համոզմամբ հավաքվել է հանրապետությունում ու արտերկրում գործող մեր ֆուտբոլային զորընդեղ ուժը և այն հնարավորությունների սահմաններում պատրաստ է իրականացնելու իր առջև դրված առաջադրանքը: Մեզ ուրիշ բան չի մնում քան հավատալն ու զորակցելը մեր տղաներին:
Առաջն Աստված:

Հ.Գ. Կայացած ընկերական հանդիպումներից հիշատակենք մի քանիսը: Լեհաստանի ու Ռումինիայի ընտրանիները (երկուսն էլ մերոնց հետ նույն խմբում են) նույն 1:0 հաշվով համապատասխանաբար հաղթել են սերբերին ու լիտվացիներին, խորվաթները՝ իսրայելցիներին (2:0), սլովենացիները՝ մակեդոնացիներին (1:0): Եթե ուշադիր ենք նայում, հաղթել են բացառապես տանտերերը, ընդ որում, սեփական դարպասը պահելով անառիկ: Սա՝ որպես հուշում մեր հավաքականի գլխավոր մարզչին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ